Փարիզի Լուվրի թանգարանում կբացվի արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժին, որը կներառի ցուցանմուշներ Հայաստանից, X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Լուվրը պատրաստվում է ստեղծել բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժին, որը կներառել նաև Հայաստանը»,- հայտնել է նա։
Դեսպանը նշել է, որ Լուվրը նպաստում է նաև Երևանի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերակառուցմանը։ Նա հավելել է, որ Լուվրը՝ տարեկան 9,6 միլիոն այցելուով, ճանաչվել է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը։
2022 թվականին Լուվրի թանգարանը մասնակցել էր «Հայաստան. ժառանգության ուսումնասիրություն, պահպանություն և հզորացում» նախագծի մշակմանը, որի շրջանակներում նախատեսվում էր նաև վերակազմավորել և արդիականացնել Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը և գնահատել հավաքածուները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Լուվրի տնօրեն Լորանս Դե Կարը Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։