Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում դպրոցներում և հարակից տարածքներում տեսախցիկներ կտեղադրվեն, աշակերտները կթեստավորվեն: Այս մասին Վահե Ղազարյանը նշել է՝ պատասխանելով դպրոցներում և բուհերում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին Armenia Today-ի թղթակցի հարցին:
Նա հայտնել է նախորդ տարվա ընթացքում թմրանյութերի գործերի բացահայտումների 120 տոկոսով աճի մասին և հավելել, որ 2024 թվականը ՆԳՆ-ն հայտարարել է թմրանյութերի դեմ պայքարի տարի:
«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը համարվում է լատենտային հանցագործություն, և ունենք բավական արդյունքներ, 120 տոկոսով ավելի շատ բացահայտումներ ունենք նախորդ տարվա համեմատ»,- հայտարարել է Ղազարյանը:
Ղազարյանը շեշտել է, որ տարվա ընթացքում մի շարք բացահայտումներ են ունեցել Երևան քաղաքում, Գառնիում՝ հիմնականում բուսական ծագում ունեցող թմրամիջոցներ: Նրա խոսքով՝ ապօրինի շրջանառության ծավալը մեծ է Երևան քաղաքում ու մոտակա մարզերում:
Նա արդյունավետ է որակել 2022թ. քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը՝ հավելելով, որ նախատեսել են այն դարձնել վարչություն՝ համալրելով նոր կադրերով ու մասնագետներով:
2023թ. նոյեմբերի կեսերին Երևանում ոստիկանությունը հայտնաբերել էր թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա ու խոշոր չափի թմրամիջոց: Գործի շրջանակներում ՌԴ երկու քաղաքացի էր ձերբակալվել: 2023թ. նոյեմբերին պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ 140 տոկոսով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Մանրամասները՝ տեսանյութում: