Սույն թվականի հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ, ասված է ԲԿ-ի հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել:
«Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուք են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։ Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հղաորդվում է, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել հունվարի 13-ին՝ գիշերը 1:30՝ նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։
«Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել է թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա է եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։ Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։ Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3-րդ աստիճանի շնչական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԲԿ-ի փոխանցմամաբ՝ հունվարի 15-ի առավոտյան պացիենտի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։