ԿԳՄՍՆ-ն հայտնում է մրցույթների մասին Ֆեյսբուքում կեղծ տեղեկատվության տարածման մասին. այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է.
«Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով, իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշում են, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:
«Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում: Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով: Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։