Թալանել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ծառայողական ավտոմեքենան, դիմապակուն թողել տելեգրամյան հասցե, գրում է Shamshyan.com-ը։
«Հունվարի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը և հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել: Արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ հունվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 15-ի ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող և բնակության վայրում՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները»,- նշել է լրատվամիջոցը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժողը ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս: Նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Արթուր Խաչատրյանը նախարարի վարորդն է:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: