Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնաժողովի ստեղծման մասին։
«Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը»,- Facebook-ի իր էջում գրել է Օսկանյանը՝ տեղեկացնելով, որ ինքն է համակարգելու հանձնաժողովի աշխատանքները։
Օսկանյանի խոսքով՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատված բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Ըստ նրա՝ խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն։
Նա հավելել է, որ առաջիկայում, երբ ամբողջանա Հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ԼՂ-ից ՀՀ էր բռնի տեղահանվել 100․632 մարդ։