Դատարանը վճռել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, հայտնում է Սիմոնյանի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
«Հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում»,- նշել է Ղուլյանը: Նրա խոսքով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:
«Հայելի» ակումբի ուղիղ եթերում Հովհաննիսյանը Սիմոնյանին 2022թ․ նոյեմբերին անվանել էր «տականք» և «թուրք», ինչպես նաև հայտնել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, ուներ ասֆալտապատման երեք ընկերություն, որոնց միջոցով պետությունից վերջին տարիներին ստացել է 100 մլն դոլար։ Հովհաննիսյանի խոսքով՝ Սիմոնյան եղբայրների յուրացրած գումարները պետք է ուղղվեին հայկական բանակի համար նոր տեխնիկա ձեռք բերելուն։
2021 թվականին Ազգային ժողովն ընդունել էր վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությունը խստացնող օրենք։ 2022 թվականի հունիսին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլակյանը հայտարարել էր, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվության հոդված չկա։