Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած երկօրյան այցին։
«Ավարտվեցին երկօրյա հանդիպումները Հայաստանում։ Ընդգծվել է համապարփակ խաղաղ կարգավորման շարունակական աջակցության կարևորությունը։ Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»,- գրել է նա:
Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կլաարի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձանագրել էր, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջև: