Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է Աֆղանստանում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման մասին, որի հետ կապը կորել էր հունվարի 20-ին։ ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ դեպքի հետևանքով կան զոհեր, բայց հստակ թիվ չեն նշել։
Նշվում է, որ ուղևորները ՌԴ քաղաքացիներ են եղել։
Աֆղանստանում ՌԴ քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժը՝ 7 տարվա ազատազրկում)։
Հունվարի 21-ին Ռոսավիացիան հայտնել էր, որ Աֆղանստանում կորել է ՌԴ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված Falcon 10 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։ Falcon 10-ն իրականացրել է չարտերային չվերթ՝ Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ (Ուզբեկստան)-Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով։