Հեռուստահաղորդավարուհի և TNT հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակիին կարգելեն մուտք գործել Ղազախստան, հայտնում է KazTAG-ը՝ հղում անելով Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովի հայտարարությանը։
«Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում։ Այսօր կամ վաղը մեզնից մի պահանջեք սա [մուտքն արգելվածների ցուցակը], բայց պետությունը դա երբեք չի ների։ Միգուցե նա [Կանդելակին] չի գալու Ղազախստան, բայց եթե որոշի գալ, նրան ներս չեն թողնի»,- ասել է Սմեդյարովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Հունվարի 16-ին Կանդելակին Telegram-ի իր ալիքում հրապարակել էր գրառում՝ Ղազախստանում պետական մակարդակով ռուսաց լեզվի սահմանափակման մասին։ Նա որպես օրինակ էր բերել Տրանսպորտի նախարարության նախաձեռնությունը՝ անվանափոխել մի քանի երկաթուղային կայարաններ և ռուսական անունները փոխարինել ղազախականով։
«Ինչպես ցույց է տալիս Բալթյան փորձը, սա շատ վտանգավոր միտում է։ Այստեղ էլ ամեն ինչ սկսվեց փոքրից, իսկ հետո վերածվեց իսկական ձնագնդի՝ փակվեցին ռուսական դպրոցները, հանվեցին խորհրդային հուշարձանները, արգելվեց ռուսաց լեզուն, և վերջապես թոշակառուներին ցրտի մեջ թողեցին»,- նշել է հեռուստահաղորդավարը։
Կանդելակիի գրառումն առաջացրել է մի շարք ղազախ պատգամավորների սուր արձագանքը։
Ավելի ուշ ռուս հեռուստահաղորդավարուհին մեկնաբանել էր ղազախստանցիների արձագանքն իր գրառմանը` նշելով, որ ինքը «հետաքրքրությամբ և տխրությամբ է դիտում այդ ամենը»։