Իսրայելական Ir Amim (թարգմ. «Ազգերի քաղաք») կազմակերպությունը Xana Capital-ի՝ Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգում» հյուրանոց կառուցելու մտադրությունը կապում է հրեա վերաբնակիչների՝ Երուսաղեմը հուդայականացնելու բրիտանացիների ծրագրերի հետ, հաղորդում է բրիտանական հեռարձակող կորպորացիան (BBC):
«Այս տարածքում բնակավայրի ստեղծումը վերաբնակիչ կազմակերպությունների շատ հեռուն գնացող նպատակների մի մասն է, որոնք, ըստ էության, ցանկանում են ամբողջությամբ հուդայականացնել Հին քաղաքը՝ կենտրոնանալով Տաճարի լեռան կամ Ալ-Աքսա մզկիթի վրա», – BBC-ին ասել է Ir Amim-ի ներկայացուցիչ Ավիվ Թաթարսկին:
Ir Amim-ի հետազոտողները կենտրոնանում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության վրա և աջակցում են Երուսաղեմի բազմազանությանը, մինչդեռ հրեա վերաբնակիչները ողջ քաղաքը դիտարկում են որպես իրենց հավերժական, անբաժանելի մայրաքաղաք, նշում է BBC-ն:
«Այն պահից ի վեր, երբ Իսրայելը 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ Հորդանանից հետ գրավեց Հին քաղաքը և նրա սուրբ վայրերը, հրեա ներդրողներն Իսրայելում և արտերկրում ձգտում էին անշարժ գույք գնել՝ փորձելով ամրապնդել իսրայելական վերահսկողությունն օկուպացված Արևելյան Երուսաղեմի վրա», – հիշեցրել է հեռարձակողը:
BBC-ն իր դիրքորոշումը բացատրել է 2023 թվականի դեկտեմբերին Երուսաղեմում հայերի վրա հարձակումներին «հայտնի հրեա վերաբնակիչների ակնհայտ մասնակցությամբ»։ Բացի այդ, հարձակվողները հայերից պահանջել են «լքել այս հողը» և սպառնացել են սպանել նրանց, եթե մնան, նշում է հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով տեղի քահանա Դիրան Հակոբյանին։
Ավելի վաղ իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայտարարել էր իսրայելցի վերաբնակիչների կողմից Երուսաղեմի հրեական թաղամասը հայկական տարածքների հաշվին ընդլայնելու փորձի մասին։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել է Հայկական թաղամասի տարածքը հավակնող Xana Capital ընկերության ղեկավարությանը։ Հարձակման հետևանքով վիրավորվել են քահանաներ, Հայկական հոգևոր ակադեմիայի ուսանողներ, տեղի բնակիչներ։