«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ՝ հայտնելով, որ ոստիկանությունում Նարինե Հայրապետյանի դեմ ճնշումներ են բանեցրել՝ ստիպելով հրաժարվել ցուցմունքից։
«Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել: Ըստ Հայրապետյանի՝ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»: Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը: Մենք մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ»,- նշված է հայտարարության մեջ:
«Մայր Հայաստան» դաշինքը Հայրապետյանի հետ տեղի ունեցածը գնահատել է որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ:
«Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին: Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որոնք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության»,- ասված է հայտարարության մեջ:
Հունվարի 22-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին մի խումբ անձանց կողմից առևանգելու հոդվածով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել։