Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Կարմրավան-Վարդաղբյուր ավտոճանապարհները:
Փրկարար ծառայության տվյալներով՝ Տավուշի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի, Ջերմուկի խաչմերուկից Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնացքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։