Զոհված զինծառայողների հարազատները, որոնց նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանությունն ուժ էր կիրառել, չեն հանդիպի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ, ասված է «Որդիների կանչ» կազմակերպության հաղորդագրության մեջ։ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների մեծ մասն այս կազմակերպության ներկայացուցիչներ են։
«Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 20-ին Ղազարյանը հայտարարել էր զինվորական պանթեոնում միջադեպի մասնակից զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպելու մտադրության մասին։ Վերջիններս պատասխանել են, որ մերժում են «այս իշխանությունների ցանկացած ներկայացուցչի ցանկացած առաջարկ», ավելացրել է «Որդիների կանչ»-ը:
Ոստիկանները 2022 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ուժ էին կիրառել ու ձերբակալել էին զոհված զինծառայողների հարազատներին, նրանցից երկուսը վիրավորվել էր: Դեպքի առթիվ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։