Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ-ի) հետ՝ «իր լիազորությունները կասկածի տակ դնելու պատճառաբանությամբ», նշվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հայտարարության մեջ։
Պատվիրակությունը ԵԽԽՎ պատգամավորների կողմից Ադրբեջանի լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունն անվանել է «չարդարացված միջամտության փորձ Ադրբեջանի ներկայիս ընտրական գործընթացին»։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով»։
Հունվարի 22-ին ԵԽԽՎ-ում հայտարարել էին, որ վիճարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, նման որոշման պատճառ էր դարձել Բաքվի կողմից կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները չկատարելը, համագործակցության բացակայությունը։ «Վեհաժողովը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 24-ի երեկոյան՝ քննարկումներից հետո»,- հայտնել էին ԵԽԽՎ-ում։ Գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ որոշումը կապել է սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ թվի հետ։ Բացի այդ, պատգամավորը նշել է, որ Բաքուն թույլ չի տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտարկել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները։