ՀՀ ՆԳՆ-ն հայտարարել է անդրազգային հանցավոր խմբի հայտնաբերման մասին։ Մասնավորապես, Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևանի տարբեր հասցեներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»:
Ըստ տեղեկությունների՝ հանցավոր սխեմայում ներգրավված են եղել ինչպես ՀՀ, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ:
Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:
Հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Պարզվել է նաև, որ հանցավոր խմբի կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը քողարկելու նպատակով Հայաստանում ստեղծվել են իրավաբանական անձ համարվող ընկերություններ, որոնցում ձևական առումով ներգրավվել են աշխատակիցներ և իրականացվել գործողություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի վնաս։
Նշվում է նաև, որ 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն և կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում է դիմել իրավապահներին:
Մանրամասները՝ տեսանյութում։