Իլ-76-ին խոցած հակաօդային կառավարվող հրթիռի տարրեր են հայտնաբերվել Բելգորոդի շրջանի կործանման վայրում, հայտնել է TACC-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններին։
«Գետնի վրա հայտնաբերվել են տարրեր, որոնք հաստատում են օդանավի վրա արտաքին ազդեցությունը: Դրանք կուղարկվեն փորձաքննության»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ ռազմական քննիչները և դատաբժշկական փորձագետները փնտրում են մետաղական կառույցներ, որոնք մանրակրկիտ հավաքվում և վերլուծվում են։ Լրատվականի տվյալներով՝ ներկայումս կատարվում են օդանավի բեկորների և մետաղական կոնստրուկցիաների որոնում մեծ տարածքի վրա։
Հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին, Բելգորոդի շրջանում կործանվել է ուկրաինացի ռազմագերիներ տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը: Ինքնաթիռը կործանվել էր պլանային թռիչք կատարելիս, օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորականներ, անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։
ՌԴ-ն Ուկրաինային մեղադրել էր Իլ-76-ը խոցելու մեջ՝ շեշտելով, որ արյունալի միջադեպի հեղինակն Ուկրաինան է: France Info ռադիոկայանը հայտարարել էր, որ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է Ուկրաինա տեղափոխված Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։