Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հունվարի 25-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դատարանը 4 ամսով երկարաձել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20 անձ։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 մարդ մահացել է, 21 անձ անհետ կորել է, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։
Բռնի տեղահանման ճանապարհին՝ Հակաարի ապօրինի անցակետում, ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։