ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական Baku TV հեռուստաընկերությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք:
«Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել»,- նշում է Թաթոյանը։
Նա շեշտում է, որ Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։
«Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»,- եզրակացնում է ՀՀ նախկին ՄԻՊ-ը:
2023թ. դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) հայտարարություն էր ընդունել այսպես կոչված՝ արևմտյան ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ադրբեջանցիները, իբր, դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում և ենթարկվել հալածանքների։