Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ մանրամասնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել էր Հայաստանին։ Հայաստանը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին՝ 2023թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ: