Մոսկվան շարունակում է մնալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները երախտապարտ են իրենց ռուս գործընկերներին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի համար։
«Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, որն արդեն պատմություն է դարձել: Նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցում բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում»,- ընդգծել է դիվանագետը:
Դեսպանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները խոսել են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում և կարծիք հայտնել, որ նման հանդիպումները պետք է ուղղված լինեն բացառապեստ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը։
«Արդեն իսկ առկա է ուղղակի երկկողմ բանակցություններ վարելու փորձ, որոնք լավ արդյունքներ են տվել: Մեզ բոլորիս պետք է խաղաղ երկինք մեր գլխավերևում»,- նշել է Բյուլբյուլօղլուն: