Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և երկրի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը քննադատական հայտարարություններ են փոխանակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսի կատարած այցից հետո, որի ընթացքում կողմերն ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է «Sputnik Georgia»-ն, Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի վարչապետի այցը, սակայն ափսոսանք է հայտնել, որ «նախագահին հնարավորություն չի տրվում Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրների ղեկավարներին»։
Նա նշել է, որ տեղեկացված չէ բարձր մակարդակով նախատեսված այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին։
Իր հերթին՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Միխայիլ Սարջվելաձեն ասել է, որ Զուրաբիշվիլին Փաշինյանի հետ հանդիպումը միայն կօգտագործի ի վնաս Վրաստանի։ «Ինքը՝ Զուրաբիշվիլին, լավ գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ, և գիտի նաև, որ կօգտագործեր նրան, եթե միջամտեր»,- հայտարարել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ կառավարության դիրքորոշումը «միանգամայն տրամաբանական է, երբ այն փորձում է կանխել Զուրաբիշվիլիի հետ համագործակցությունը»։ «Սրա համար կարիք, պատճառ ու հիմնավորում չկա։ Իշխանությունները չեն կարող համագործակցություն չպահանջող ձևաչափերով ու ձևական կարիքներով այլ շահեր ունենալ։ Իշխանությունները որպես իմպիչմենթի պատճառ անվանեցին Զուրաբիշվիլիի «գործունեությունը»,- ասել է Սարջվելաձեն։
Հրատարակությունը նշում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի և իշխող կուսակցության հարաբերություններն սկսել են վատթարանալ նրա նախագահության մեկնարկից երեք տարի անց։ Այն բանից հետո, երբ նախագահը 2023 թվականի մարտի 31-ին խորհրդարանին էր ներկայացրել իր տարեկան զեկույցը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, մեղադրում էր «Վրացական երազանքին»՝ արևմտամետ ուղուց շեղվելու մեջ, կառավարությունը դադարեցրել էր նրա արտասահմանյան այցերը, և իշխող կուսակցությունը նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթաց էր սկսել։
Հոկտեմբերին Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Զուրաբիշվիլիի կողմից երկրի սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը, ըստ որի՝ նախագահն իրավունք ունի արտաքին հարաբերություններում ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն կառավարության թույլտվությամբ։ Խորհրդարանում քվեարկության ժամանակ Զուրաբիշվիլիի իմփիչմենթը պաշտպանել էր 86 պատգամավոր՝ նվազագույն պահանջվող 100-ի փոխարեն։