Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը թվարկել է Հայաստանի տնտեսության համար աշխարհաքաղաքական ռիսկերը և կանխատեսել տնտեսական աճ՝ 2024-25 թվականների համար։ Նշվում է, որ Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ նկատվում է մեծ տնտեսական աճ, իսկ իրական ՀՆԱ-ն աճում է մոտ 7,4%-ով, ինչին նպաստել է Ռուսաստանից արտագաղթի հետևանքների ազդեցությունը, որը հանգեցրել է սպառման ավելացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից մոտ 110.000 փախստականների ներհոսքը:
Գործակալությունը գնահատում է, որ աշխատուժի երկարաժամկետ համալրումը և արտադրողականության բարելավումը բարձր արտադրողականության ոլորտների ընդլայնման միջոցով, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, հավանաբար կխթանեն պոտենցիալ աճը: 2024 թվականին Fitch-ն ակնկալում է 6 տոկոս տնտեսական աճ, որին, ըստ գործակալության, կաջակցեն ուժեղ անձնական սպառման և պետական ծախսերն ու ներդրումների ավելացումը: 2025 թվականին կանխատեսվում է, որ աճը կնվազի մինչև 4,9%:
Գործակալությունը թվարկել է նաև Հայաստանի տնտեսական աճի աշխարհաքաղաքական ռիսկերը։ Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի զավթումից հետո Հայաստանը ներկայումս ձգտում է բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Աշխարհաքաղաքական ռիսկերը մնում են, քանի որ երկու երկրների միջև կան մի շարք վիճելի հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային կապի կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով, ինչպես նաև որոշ տարածքներում սահմանագծումը»,- նշվում է գործակալության մեկնաբանության մեջ։
Նշելով, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից առևտրի և էներգետիկայի ոլորտից, Fitch-ը մոտ ապագայում չի ակնկալում էական դիվերսիֆիկացիա՝ ի վնաս Ռուսաստանի։ «Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են լարված՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պարտավորությունների կատարման ենթադրյալ ձախողման պատճառով»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Գործակալությունը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է կիրառել արևմտյան պատժամիջոցներ՝ ուղղված իր բանկային հատվածի ռուսական կազմակերպություններին։ Այնուամենայնիվ, ըստ Fitch-ի, 2021 թվականից ի վեր ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300%-ով, իսկ 2023 թվականի առաջին 3 եռամսյակներում Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 51%-ը և ներմուծման 30%-ը: