Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը թվարկել է Հայաստանի զինված ուժերի զարգացման առաջնահերթ ուղղությունները և նշել այն խնդիրները, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհին, Փաշինյանը մատնանշել է զորակոչի և կոռուպցիայի խնդիրները։ Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրն այն է, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
«Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ վարժական հավաքների կազմակերպման ընթացքում նույնպես լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, և նա սպասում է, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն։
«Սովորական ժամկետային զինծառայությանը զուգահեռ՝ 25-օրյա վարժական հավաքները չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բայց հենց այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ բացեր այդ համակարգում, և ակնկալում եմ, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն: Դրանք սկսվում են զորահավաքային մակարդակից մինչև 25-օրյա վարժական հավաքների որակն ու բովանդակությունը: Առավել ևս այստեղ զինվոր-զինվոր, զինվոր-սպա, սպա-սպա հարաբերությունների լրջագույն ճեղքեր ունենք, որ պիտի լրացնենք:
Ընդհանրապես, բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով: Սա վերաբերվում է թե՛ 25-օրյա վարժական հավաքներին, թե՛ ժամկետային և թե՛ պայմանագրային զինծառայությանը, քանի որ ոչ մի պրոֆեսիոնալ բանակ պատերազմական իրավիճակներում միայնակ ի վիճակի չէ պաշտպանել երկրի անվտանգությունը, և մարտունակ պահեստազոր ունենալը մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը մատնանշել է բանակի արդիականացման անհրաժեշտությունը և նշել, որ ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակն է: «Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը»,- հայտարարել է նա։
Փաշինյանը մատնանշել է նաև բանակի ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունը և ընդգծել՝ առաջին բանը, որ պիտի փոխվի, մտածողությունն է:
«Այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է նաև փոխել բանակի վերաբերմունքն արագություն-արձագանք հասկացությանը։ «Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը»:
Նա նաև նշել է կանանց բանակ զորակոչելու մշակույթի ձևավորման կարևորությունը։ «Մենք այս տարվանից ներդնում ենք կանանց կամավոր-պարտադիր զինծառայության մոդելը և հավատում եմ, որ մեր կանայք կարող են էական, ավելի մեծ ներդրում ունենալ երկրի պաշտպանության գործին և սիմվոլիկ է, որ այսօր այստեղ տեղի կունենա նոր համակարգով զորակոչվող առաջին կին զինծառայողի երդման արարողությունը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է զենքի գնումը շարունակելու իշխանությունների ծրագրերի մասին, քանի որ հզոր բանակ ունենալը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։
«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարությունները՝ կապված Հայաստանի բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: