Մյունխենի գլխավոր դատախազությունը Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների Ադրբեջանի ռեժիմի օգտին կաշառք վերցնելու համար մեղադրանք է առաջադրել, գրել է Spiegel-ը։
ԶԼՄ-ն հայտնում է, որ քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթներն ադրբեջանական ռեժիմից միլիոններ են վերցրել։ Հստակ թիվ չի նշվում։
2021-ին Deutsche Welle-ն հայտնել էր, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից գումար ստանալու հետ կապված կոռուպցիոն հետաքննության մասնակից Ֆիշերին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Բունդեսթագը նրան անձեռնմխելիությունից զրկել էր, որպեսզի քննչական մարմիններին խուզարկություններ անցկացնելու և հանցանշաններ առգրավելու իրավունք տար:
Լինթների՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական աշխատանք տանելու մասին Deutsche Welle-ն գրել էր 2017-ին՝ հայտնելով, որ 2013-ին Լինթները ղեկավարել է Ադրբեջանի ընտրությունների դիտարկման գերմանական 36 հոգանոց առաքելությունը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ «Ալիևի վերընտրվելը համապատասխանել է գերմանական չափանիշներին»։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա այդ ծառայության համար ստացել էր 61 000 եվրո (84 000$):