Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը բացատրել է, որ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան:
«Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,- գրել է խորհրդարանի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։ «Առնվազն՝ չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- մանրամասնել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ԱԺ֊ում հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ: ՀՀ վարչապետը նաև առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով:
Հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ՀՀ զինանշանի և օրհներգի փոփոխության վերաբերյալ քննարկում էր եղել։ Մամուլում նշվել էր, որ իշխանությունները նախատեսում են զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով մասնագիտական հանձնաժողով ստեղծել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, որի շուրջ պետք է մտածել։