Կուսակցություն ունենալը շատ բնական պահանջ է, որովհետև մենք շատ մեծ համակիրների թիմ ունենք։ Factor tv-ին հայտնել է Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը։
«Այդ պահանջը վաղուց կա մեր համակիրների կողմից՝ ստեղծել մեր կուսակցությունը, որի շուրջ կհավաքվեն համակիրները, կունենանք մեր ծրագրերը, կսկսենք քաղաքական դաշտում մեր կուսակցության ծրագրերն առաջ տանել»,- ասել է Մարությանը։
Նա հավելել է, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ գաղափարական տարաձայնություններ չկան:
«Ես «Ազգային առաջընթացի» անդամ չեմ։ Այն բարեկամ կուսակցություն է, որի հետ միասին մասնակցել ենք քաղաքային իշխանության ընտրություններին, որովհետև օրենքը թույլ չի տալիս որպես անհատ մասնակցել։ Մեր աշխատանքը շարունակվում է, ամեն ինչ նորմալ է, ինչպես սկսել ենք, այդպես էլ գնում ենք։ Գաղափարական տարաձայնություններ բացարձակ չկան։ Մենք շատ մոտ ենք գաղափարներով, հենց դրա համար էլ իրար հետ ենք մասնակցել քաղաքային ընտրություններին»,- ասել է նա։
Մարությանի խոսքով՝ նաև մտադրություններ կան կուսակցությունով խորհրդարանական ընտրությունների մասնակցել:
«Քանի որ քաղաքական միավոր է, պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքական գլխավոր իրադարձության, որոնց շարքում են նաև խորհրդարանական ընտրությունները»,- ընդգծել է Մարությանը և հավելել, որ իր կարծիքով՝ շանսեր ունի։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։