ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին Երևանում կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ հարուցելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ գերատեսչությունը ոստիկանությունից ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։
ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է վերջինիս ինքնությունը, միջոցներ է ձեռնարկում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժվում է առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ):
Հունվարի 29-ին Telegram-ի ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որում մի տղամարդ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշահամալիրի մոտ դրված ծաղկեպսակները շուռ էր տալիս։ Տեսանյութում լսվող ձայնը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե «ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել» և հարց էր տվել՝ «իսկ կա՞ փաստաթուղթ, որ Լենինգրադում շրջափակում է եղել»:
Հունվարի 30-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել հուշարձանի պղծման գործը: Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել պատասխանատվության ենթարկել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշարձանը պղծողներին: