Չեխիան և մյուս միջազգային գործընկերները պետք է առավելագույն ճնշում գործադրեն տարածաշրջանում խաղաղություն բերելու հարցում, Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա-Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանը բազմիցս շեշտել է, որ ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ առումով այդքան էլ աչքի չի ընկնում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի Ադրբեջանի այն քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղության հաստատման տապալմանը»,- ընդգծել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակների առաջարկած հանդիպումներից։
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում հատուկ ժամանակ է ձգում»,- հայտարարել է ԱԺ նախագահը։
Պեկարովա-Ադամովան հայտարարել է, որ Չեխիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը։
«Մենք կարևորում ենք մարդու իրավունքները, ինչը նշանակում է, որ կշարունակենք աջակցել փախստականներին։ Ես հաջորդիվ այցելելու եմ Բաքու, որտեղ ցույց կտանք մեր աջակցությունը հայ ժողովրդին։ Պատահական չէ, որ առաջինն այցելել եմ Երևան, հետո՝ Ադրբեջան»,- հավելել է Ադամովան։
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում հետընթացի առկայության մասին: Նա հստակեցրել էր, որ բովանդակային տեսանկյունից ադրբեջանական առաջարկություններում որոշակի հետընթաց է տեսնում տեքստի որոշ կետերի առումով։ Հունվարի 8-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Երևանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին:
Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը: Նա խոստացել է առաջիկա շաբաթներին Երևանին ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը;