Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունն Ադրբեջանի պահանջո՞վ է։
«Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմբ իրականացնում է, արվում է հայելային»,- հայտարարել է Սիմոնյանը՝ Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա-Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար՝ դա վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմամբ: Դրա ընդունման անհրաժեշտությունը կառավարության ղեկավարը պայմանավորել էր աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով։
Հունվարի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն խնդիր է համարում Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղմանը: Միևնույն ժամանակ՝ Միրզոյանն ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ որևէ դրույթ կամ պահանջ չկա: