33-ամյա Նանար Գրիգորյանը ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է։ Ամուսինը՝ Գևորգ Համբարձումյանը, Ասկերանի շրջանի Ավետարանոցից էր, նա հերոսաբար զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատերազմի հետևանքով Նանարը կորցրել է ամուսնուն, ծննդավայր Ազոխն ու Ավետարանոցը։ 2020-ին ստիպված էր ծնողների ու եղբոր ընտանիքի հետ տեղափոխվել Արցախի Մարտունի քաղաք։ Արդեն 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական կորուստն ու բռնի տեղահանման ճանապարհը Գրիգորյաններին բերել են Արարատի մարզի Ջրաշեն գյուղ, որտեղ 8 հոգանոց ընտանիքը վարձով է ապրում։ Պայմաններից դժգոհ չեն, աջակցության ծրագրերից օգտվում են։ Մասնագիտությամբ հաշվապահ Նանարը փորձում է նոր կյանք տալ սիրելի զբաղմունքին․ նա ծաղկային ու շոկոլադե կոմպոզիցիաներ է պատրաստում։ Պատմում է՝ ստեղծագործելուն չի խանգարել անգամ շրջափակումը։
«2023 թվականի մարտի 8-ին՝ բլոկադայի ժամանակ, աղջիկս մանկապարտեզ էր գնում։ Դաստիարակի համար փունջ սարքեցի։ Դրեցի իմ էջ ու մի քանի պատվեր ընդունեցի։ Այդ ժամանակ այդքան շատ շոկոլադ չկար։ Մի խանութ կար, ամեն ինչ ստանում էր։ Թանկ էր, բայց գնում էի ու կոմպոզիացիաներ պատրաստում, ընթացքում արդեն վաճառքներ կային։ Պատերազմից առաջ՝ բլոկադայի վերջում, պատվերներ կային, բայց արդեն շոկոլադ չկար։ Սեպտեմբերի 1-ին մայրիկիս բակի ծաղիկները վաճառեցինք»,- Armenia Today-ին պատմում է նա։
Ասում է՝ աշխատանքն իրեն առաջ շարժվելու ուժ է տալիս, վաճառք շատ չկա, բայց չի հուսահատվում։ Առաջին քայլերն արդեն արել է՝ աշխատանքները ներկայացնում է «Էքսկլյուզիվ փունջ» ապրանքանիշի ներքո։ Ապագան Հայաստանում է տեսնում։
«Երկրորդ անգամ տարհանվելով՝ իմունիտետ ենք ձեռք բերել։ Մարտունիում նորից տուն էինք սարքել։ Ամեն ինչ դժվար է, բայց պետք է առաջ նայել։ Առաջ նայելն իմ կարգախոսն է։ Հիմա երազում եմ իմ սեփական խանութն ունենալ»,- հավելում է Նանարը։
Նանարի մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը, 2020-ին Ազոխից, 2023-ին Մարտունուց արցունքոտ աչքերով է դուրս եկել։ Հիշում է՝ դժվարությամբ է նստել մեքենան, թեև թշնամին արդեն շատ մոտ էր։ Ճակատագրի հետ համակերպվել է, բայց բոլոր երազներում Ազոխում է։
«Ազոխն ու իմ ծննդավայր Տող գյուղերն եմ շատ հիշում։ Ինչ երազ տեսնում եմ, ինչ հիշում եմ, Ազոխում է։ Ձեզ հետ խոսում եմ, բայց հուշերս այնտեղ են։ Ամեն ինչ ունեինք․․․ Ճիշտ է՝ կորցրել ենք, բայց չեմ մտածում այդ մասին։ Մարդկային կորուստն է շատ դժվար։ Այդքան տղաներ կորցրինք, այդքան կորուստներ ունեցանք․․․»,- ասում է տիկին Սուսաննան։
Նանարը կարծում է, որ սերունդները դեռ կվերադառնան Արցախ, մոտ ապագայում այդ հնարավորությունը չի տեսնում, բայց շատ է կարոտում։
«Արցախն եմ կարոտում։ Աղջիկս էլ իր մանկապարտեզի ընկերներին, դաստիարակներին։ Ամբողջ օրը Մարտունուց են խոսում»,- եզրափակում է Նանարը։
Արցախի կարոտը սրտներում՝ ընտանիքի անդամները Ջրաշենի ամեն մի անկյուն փորձում են նմանեցնել Ազոխին ու Ավետարանոցին։ Ընտանիքի ավագ անդամները մտադիր են հող մշակել, գյուղատնտեսությամբ զբաղվել ու նորից ստեղծել այն ամենն, ինչ ունեին Արցախում։ Տիկին Սուսաննան ցանկանում է գալիք սերնդի ապագան խաղաղ երկնքի տակ տեսնել ու ապրել առանց պատերազմների։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան