«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբը ԿԳՄՍՆ-ի դիմաց 2-րդ ակցիան է իրականացրել՝ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով։ Նրանք նաև պահանջել են չեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը, պատրաստել նոր դասագրքեր, նաև «Հայոց պատմություն» առարկայի անունը չփոխել «Հայաստանի պատմության»։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ դդմիկ էին բերել, որովհետև իրենց կարծիքով, դժբախտաբար, ՀՀ կառավարությունը «բանջարանաբոստանային կառավարություն է»։
«Դդումը գնաց, դդմիկը եկավ, դդմիկ ենք բերել, որպեսզի պատկերացնեն։ Կամաց-կամաց մոտենում ենք կառավարությանը, որը դդումից իջել է դդմիկի մակարդակի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ակցիայի մասնակիցներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ իրենց ակցիաները շարունակական բնույթ են ունենալու, և հաջորդը կլինի փետրվարի 14-ին։ «Մեզ հետ բերելու ենք այն քաղաքացիների պահանջագրերը, որոնք պատրաստ են ստորագրել, պահանջում են նախարարի հրաժարականը։ 14 օրը մեկ ներկայացնելու ենք պահանջագրերի քանակը և բերելու ենք այստեղ հանձնենք փոստարկղ»,- նշել է Պետրոսյանը։
Հունվարի 29-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացվել։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն էին հայտնել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հետ կապված։ Նրանք նախարարին էին հանձնել իր դիմումի օրինակը, «որի տակ պետք է ստորագրի և հրաժարական տա»:
2023թ. դեկտեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարը խոստացել էր լրամշակել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը՝ հաշվի առնելով գիտնականների քննադատությունները: Նա ընդգծել էր, որ դեկտեմբերի 5-ին ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել էին դպրոցներից, ուսուցիչներից, ինչպես նաև մասնագիտական շրջանակներից ստացված առաջարկները և հավաստիացրել էր, որ դրանց հիման վրա անհրաժեշտ լրամշակումներ կարվեն:
2023թ. դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր դասագրքի բազմաթիվ սխալների ու բացթողումների մասին՝ հավելելով, որ սերունդների գիտակցության մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ ու դրանց նկատմամբ յուրահատուկ մոտեցումներ:
Armenia Today-ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ նոր դպրոցական դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին: Հարցվածների մեծամասնությունը պատմության դասագրքում տեղ գտած քարտեզը բացասական էր գնահատել։