Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի 31-ին անցկացրել են սահմանազատման հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
«Արմենպրես»-ը՝ հղում անելով Գրիգորյանի գրասենյակին, հայտնել էր, որ հանդիպումը տեղի ունեցել Իջևան-Ղազախ հատվածում: Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, հանդիպման մասին նույնաբովանդակ հայտարարություն է տարածել:
Հունվարի 8-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելու պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը փոխանցել էր, որ հանդիպման ընթացքում կհամաձայնեցվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի տեղագրական քարտեզները, ինչպես նաև կորոշվեն համատեղ աշխատանքի համար կիրառվող փաստաթղթերի տեսակները։
Գրիգորյանի նախորդ հանդիպումը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել էին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգը։ Դեկտեմբերի 15-ին Գրիգորյանը հիշեցրել էր, որ Հայաստանը որպես սահմանազատման մեկնարկային քարտեզներ առաջարկել է ամենավերջին քարտեզները՝ 1975-ից մինչև 90-ականները։