Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը «երբեք խաղաղություն չի ունենա», եթե երկրի քաղաքականությունն առաջնորդվի Անկախության հռչակագրի ուղերձներով՝ Հայկական ԽՍՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու որոշմամբ։
Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նա նշել է, որ հռչակագրում նշվում են երեք անկյունաքարային դրույթներ: Այդ երեք ուղենիշներն են՝ պատմական արդարությունը, հայ ժողովրդի իղձերը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի ու Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները:
Փաշինյանը հարցրել է, թե ինչպե՞ս են Հայաստանի շրջապատում ընկալում պատմական արդարության մասին ուղերձները։ «Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանն ինչպե՞ս է ընկալում, Թուրքիան ինչպե՞ս է ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չենք տալիս՝ Վրաստանն ինչպե՞ս է ընկալում: Հարց չենք տալիս՝ Վրաստանն ինչո՞ւ պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Սա կարո՞ղ է կապ ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»,- հարցրել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ պետք է հռչակագրի հետ մեր հարաբերությունները կարգավորենք:
Նա հարցրել է, թե արդյոք Հայաստանի պետական քաղաքականությունը պիտի հղվի՞ դրա վրա և պե՞տք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա:
«Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո՛, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բանակի վերափոխման վրա լուրջ ռեսուրսներ է ծախսում, և եթե բանակն ուժեղացնենք հռչակագրի դրույթներն իրագործելու համար, այդ դեպքում Հայաստանի «հարևանները դաշինք են ձևավորելու՝ մեզ ոչնչացնելու համար»: Նրա կարծիքով՝ այս խոսույթի փոփոխության դեպքում զենքի ներմուծման խնդիր չի լինի, «որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իրենց համար»:
Հունվարի 24-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: