Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և երկրի ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։
«2022 թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ. ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանանք, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանո՞վ է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, թե ո՞ւմ հետ իրատեսորեն կարող է ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ: Փաշինյանը հայտարարել է, որ այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար, և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։
«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու, մնում ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե՞ ոչ։
Փաշինյանի կարծիքով՝ այս տարվա ընթացքում պետք է ավարտվի հայեցակարգի հետ կապված աշխատանքը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է որոշել՝ հայեցակարգը միայն տեսական փաստաթո՞ւղթ է, թե՞ այն նաև գործնական բնույթ ունի, և դրա իրականացումն ապահովված է որոշակի պայմանավորվածություններով: Նրա խոսքով՝ հայեցակարգը պետք է ունենա քաղաքական կոնտեքստ։
«Այսօր մենք այդ հայեցակարգի քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի՞ լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելու, թե՞ այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու»,- հարցրել է վարչապետը՝ հավելելով, որ ազգային անվտանգության հայեցակարգը պետք է արտահայտի պետության օրինական տարածքային ամբողջականությունն ու նրա շահերի պաշտպանության շրջանակը:
Մանրամասները՝ տեսանյութում: