Հայ ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Տրիեստի կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
«Անհավանական խիզախ և մտերմիկ պատմություն՝ ամենադժվար իրավիճակներից մեկի մասին, որում կարող է հայտնվել ընտանիքը, ֆիլմը հայացք է նետում ռեժիսորի և նրա ծնողների բաց վերքերին»,- ասվում է մրցանակի նկարագրության մեջ:
Վարդանյանը ֆիլմում խոսում է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի որոնումների մասին։ Նա իր հեռախոսով նկարահանել է որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձությունները, որոնց միջով պետք է անցնեին ինքը և իր սիրելիները:
«Նրանց վերքերը երբեք լիովին չեն ապաքինվի, բայց նրանց կերպարը հույս ու ամոքման հնարավորություն է տալիս աշխարհի հազարավոր մարդկանց, ովքեր ապրում են նմանատիպ ողբերգություններ»,- ասում են փառատոնի կազմակերպիչները:
Վարդանյանի ֆիլմը լավագույնն էր ճանաչվել նաև 2023 թվականի նոյեմբերին Ամստերդամում կայացած IDFA վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։