Մարտին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումներ, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
Նա նշել է, որ Միջխորհրդարանական միությունը տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներին, Ադրբեջանի և իր հարևանների հարաբերություններին և անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել։
«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից: Այս փուլում մենք ձգտում ենք սկզբունքային համաձայնության հասնել, որ Միջխորհրդարանական միությունը երկու երկրներին խորհրդարանական մակարդակով հարթակ կտրամադրի համախմբվելու և քննարկելու համար»,- ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը։
Չունգոնգը պարզաբանել է, որ Միջխորհրդարանական միության նախաձեռնության նպատակը երկու պետությունների միջև բանակցությունների միջոցով իշխանությունների արածը կրկնօրինակելը չէ։
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 23-27-ը՝ Ժնևում (Շվեյցարիա):