Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է հրապարակել՝ հրատապ կարիքի բացակայության դեպքում արգելելով այցելել Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ ուղղություններ, նաև կանգառ կատարել Երասխում, տեղեկանում ենք դեսպանության կայքից։
«Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ արգելված»,- շեշտել են դեսպանատնից։
Ընդգծել են, որ «ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ»:
«Տեղեկացնում ենք, որ ճանապարհների որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախնական ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման»,- հավելել են դասպանատանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2023-ի հունիսի 14-ին արգելել էր այցելել աշխատակիցներին և քաղաքացիներին մեկնել Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք ուղղություններ և Արցախ։