Բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, հայտարարել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը: Համատեղ հայտարարության մեջ նրանք նշում են, որ ԱԳՆ-ում ծանոթացել են Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։
«Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են»,- հայտարարության մեջ ընդգծել են նրանք։
Պատգամավորները նաև նշել են, որ պայմանագրի կետերին ծանոթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցներն իրենց ակնարկել են, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների և կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված իրենց ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, և ԱԳՆ-ն ուսումնասիրում է գաղտնի տեղեկությունների չհրապարակայնացման դրույթը խախտելու հանգամանքների առկայությունը։
«Փաստորեն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին և հայ ժողովրդին ամենօրյա ռեիժիմով ուղղվող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ-ն զբաղված է ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով»,- հայտարարել են պատգամավորները։
Նրանք դա գնահատում են որպես ուղիղ սպառնալիք և պատգամավորական գործունեությանը խոչընդոտող քայլ, միաժամանակ տեղեկացնում, որ շարունակելու են ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված գործունեությունը։
Հունվարի 4-ին ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը: Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ ընդդիմադիր պատգամավորները վերահաստատել էին, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:
2023թ. դեկտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել էին «Խաղաղության պայմանագրին» և հայտարարել դրա վտանգավորության մասին: «Առաջարկներին ծանոթանալը միայն փաստել է դրա վտանգավորությունը և ամրապնդել բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել էինք ավելի վաղ»,- ասված էր պատգամավորների հայտարարության մեջ: