Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զինծառայողների շրջանում զոհերի թիվը 2023 թվականին կազմել է 12 դեպք, 2022-ին՝ 17 դեպք:
Պապիկյանը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել է ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը:
«Այն թվերը, որոնք վերաբերում են բանակում ոչ կանոնադրային հարաբերություններին, դրանք ընդունում ենք որպես մեր խնդիրներ և դրանց հետևից գնում ենք, համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որպեսզի կարողանանք վեր հանել բոլոր խնդիրների սկզբնական աղբյուրը: Այս հետևողականությունն իր արդյունքն ունենալու է»,- համոզմունք է հայտնել նախարարը:
Նա հիշեցրել է, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Այդուհանդերձ, Պապիկյանն ընդունել է, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը, որպեսզի զինծառայողներին ողջ ու առողջ հասցնի իրենց տուն:
Անդրադառնալով զորակոչի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ ծառայելու պատրաստակամության պակաս է գրացվել, շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից
«Զորակոչի հետ կապված կան մտահոգիչ խնդիրներ, և այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխություններ ենք նախաձեռնելու կառավարության որոշումներում: Հնարավոր է՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն ունենանք»,- հավելել է նախարարը: