Դատարանն ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու համար դատապարտել է 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։
Դատարանը հաշվի է առել Չարչյանի կալանքի տակ գտնվելը և պատիժը կրճատել է՝ նրա նկատմամբ կիրառելով 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկում։ Փորձաշրջանը կկազմի 3 տարի։
2023-ի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չարչյանին մեղադրանք են ներկայացրել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր 2023-ի փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն էր տվել:
2023-ի հոկտեմբերին Չարչյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։