Ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ: «Նախագծով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝ մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար»,- գրել է Գալջյանը:
Նա հավելել է, որ նախագիծն ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը փետրվարի 5-ին հայտնել էր, որ իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը՝ մինչև 260 դրամ: