ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու՝ ՔՊ խմբակցության երաշխավորություն ներկայացնելու որոշման պատճառները:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունը որոշել է մանկահասակ երեխաներ ունեցող կալանավորված կանանց և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ազատ արձակման համար երաշխավորություն ներկայացնել։
«Պատգամավորների կողմից կար նման առաջարկ, կային նաև հանրային որոշակի ազդակներ, բայց հաշվի առնելով այն, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես՝ կանանց պարագայում մանկահասակ երեխաներ ունենալու առումով, երեկ քննարկել ենք խմբակցության նիստում ու դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու հարցում: Աշոտ Հովհանիսյանի մասով քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտում վաստակավոր անձնավորություն է: Օրենսդրության սահմանած հնարավորություններից որոշել ենք, որ կարելի է այս անգամ օգտվել»,- ասել է Կոնջորյանը։
Պատգամավորը նշել է, որ, հավանաբար, արդեն այսօր կներկայացնեն միջնորդություն, զուտ կազմակերպչական, տեխնիկական հարց է, նաև կարծիք է հայտնել, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման ենթարկել Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր, որ նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել։ Առաջին վարույթի նախաքննությամբ պարզվել էր, որ նախարարության պաշտոնատար անձինք բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ՝ խախտել էին պետական գնումների գործընթացի պահանջները։ Մյուս քրեական վարույթով իրավապահները պարզել էին, որ նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով և իմանալով վերջինիս ծանոթների՝ այլ շահառուների տվյալները, զեկուցել է, որ նրանց կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են ծրագրով սահմանված չափորորշիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։