Սահմանադրությունը փոխելն Ադրբեջանի պահանջը չէ, դա ՀՀ-ի ներքին օրակարգն է, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Կցանկանայի, որ մենք քննարկման դիսկուրսի տրամաբանությունը չտանենք այն ուղղությամբ, որով վերջին օրերին գնում է, և փորձ է արվում այս հարցը շեղել այն տրամաբանությամբ, որ սա Ադրբեջանի պահանջն է։ Բացարձակ Ադրբեջանի պահանջը չէ, սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի պետության, ՀՀ քաղաքացիների, ժողովրդի մասին է»- նշել է Կոնջորյանը։
Նա կոչ է արել բովանդակայինը քննարկել, «աղմուկը, այդ թվում նաև քարոզչական, մի կողմ տանել» և մտածել այն մասին, թե Հայաստանը ժամանակակից աշխարհում ինչպե՞ս է պատասխանում մարտահրավերներին:
Ըստ պատգամավորի՝ նոր Սահմանադրության ընդունմամբ Հայաստանը կպատասխանի փոփոխվող աշխարհում իր առջև ծառացած մարտահրավերներին:
«Ինչպե՞ս ենք այսօրվա փլվող աշխարհակարգի պայմաններում պատրաստվում պատասխանել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև կան։ Այս հարցի ելակետային հիմքը որևէ կապ չունի որևէ այլ պետության հետ»,- ասել է Կոնջորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։