«Հրապարակ»-ը պարզել է մի շարք քաղաքական ուժերի՝ նոր Սահմանադրության հանրաքվեի մասին դիրքորոշումը։ «Հայ ազգային կոնգրես», «Դեմոկրատական այլընտրանք», «Ապրելու երկիր», «Պատիվ ունեմ», «Ազգային ինքնորոշում միավորում», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները լրատվականին հայտնել են, որ դեմ են նոր Սահմանադրության հանրաքվեին:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Արմեն Խաչատրյանը թերթին պատասխանել է, որ կուսակցությունը «Ոչ»-ի դիրքերում է: «Պետք է դեռ դիտարկենք օրենսդրական հնարավորությունները»,- ասել է նա։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասել է, որ կուսակցությունը, նախքան հնարավոր հանրաքվեն, պատրաստվում է նոր շարժում է ձևավորել: «Ավելի սկզբունքային է հանրաքվեի նախաձեռնությունն առհասարակ կանխելը։ Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթ նախաձեռնելու է «Հանուն Սահմանադրության» շարժում։ Այդ նպատակով փետրվարի 13-ին նախաձեռնել ենք հանրային քննարկում»,- տեղեկացրել է նա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ փոփոխություններն իրենց կուսակցության համար անընդունելի են. «Ձեր նշած փոփոխությունները, անգամ դրանց քննարկումը, մեզ համար անընդունելի են, և կուսակցությունն այդ փոփոխությունների դեմ ակտիվ պայքարելու է՝ չբացառելով համագործակցությունը տարբեր ձևաչափերով»,- ասել է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասել է, որ սահմանադրական փոփոխությունների թեման կեղծ օրակարգ է, որը միտված է շատուշատ այլ օրհասական խնդիրներից ուշադրությունը շեղելուն ու դեռ սպասում է զարգացումներին՝ վերջնական կարծիք հայտնելու համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ (Գասպարի) Սարգսյանը համաձայն չէ մտքին, թե նոր Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անխուսափելի է: «Եթե հանկարծ հաջողվի իրենց այդպիսի հանրաքվե կազմակերպել, ապա դա լինելու է շատ մեծ դիմադրության ներքո, որովհետև դա կնշանակի, որ մենք մեր ազգային բոլոր գաղափարները դնում ենք մի կողմ և ենթարկվում ենք այս ապազգային իշխանության թելադրանքին»,- ասել է Սարգսյանը։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեմ է արտահայտվել Փաշինյանի հայտարարած փոփոխություններին։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ «Ասեմ, որ մենք արդեն ձևավորել ենք սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդ, շատ քաղաքական ուժեր հավաքվել են, և այս պահին աշխատանքներ ենք տանում մյուսներին ներգրավելու համար։ Առաջին գործը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջն է»,- ասել է Հայրիկյանը։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյան ասել է, որ առաջիկայում իրենց մոտ այդ հարցի հետ կապված քննարկում է լինելու, առայժմ կարծիք չի հայտնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։