Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստը փոխել է Հարավային Կովկասի իրավիճակը։
«Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5-6 տարի առաջ։ Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը։ Փոխվել է նաև մեր տարածաշրջանը։ Ես կարծում եմ, որ մենք, գուցե, այդքան էլ չենք շեշտադրել, բայց մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, որոնցից մեկը Վրաստանի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն է, որն ուզենք, թե չուզենք՝ օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ստացվում է՝ Հայաստանի երկու հարևան պետությունները ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ունեն։
«Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ո՜ւր, մեր տարածաշրջանը՝ ո՜ւր, հիմա ԵՄ-ն, փաստացի մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք»,- հավելել է նա։
Փաշինյանն այս տեսանկյունից կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Մանրամասները՝ տեսանյութում։