Հայաստանը մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր զինվորական հոսպիտալ, հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ դիվանագիտական առաքելության՝ փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվել է Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։
Հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք.
Նշվում է, որ նախորդ հումանիտար օգնությունն այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։