Վրաստանում փետրվարի 7-ին Փոթիի կենտրոնական մարզադաշտից Վաշլովանի ազգային պարկ ուղևորվող օդապարիկն Ասուրեթի գյուղի մոտ բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ինչի հետևանքով կա 3 զոհ, գրում են վրացական ԶԼՄ-ները։
Հայտնում են, որ օդաչուներ Ռևազ Ուտուրգաուրին և Քշիշտոֆը պատրաստվում էին փորձնական թռիչք կատարել՝ նախքան համաշխարհային ռեկորդ սահմանելը: Նրանց հետ է եղել «Իմեդի» հեռուստաընկերության օպերատոր Միշա Բիձինաշվիլին։ Բոլոր 3 ուղևորները զոհվել են։
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ զոհված Ուտուրգաուրին «Sky Travel» ընկերության հիմնադիրն էր, Վրաստանում առաջին օդագնացության ակումբի օդաչուն, Վրաստանի օդագնացության ազգային ֆեդերացիայի նախագահը:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն սկսել է հետաքննել միջադեպը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Cameron Balloons z-315 տիպի ջերմային օդապարիկը թռիչքն իրականացրել է նշված երթուղով և ներքին չվերթների համար սահմանված պահանջներին համապատասխան, իսկ օդաչուն համապատասխան գերատեսչությանը ներկայացրել է թռիչքի պլանը: