Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Գիյոմ Կասբարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար, հայտնել է Le Monde-ը:
Կասպարյանը, ըստ հրապարակման, հայտնի է որպես վարձակալության հարցերում շատ խիստ միջոցների կողմնակից քաղաքական գործիչ։ Նա հեղինակել է դատարկ բնակարաններում հաստատվածներին արտաքսելու դյուրացումը նախատեսող օրենքը (վերաբնակիչները ֆերմերներն են, ուսանողները, գործազուրկները, ցածր վարձատրվող աշխատողները և անմարդաբնակ տներն ու հողերը կամայականորեն գրաված գաղթականները)։ Օրենքը մշակվել է նրա և Համերաշխության ու ընտանիքի հարցերի նախարար Ավրո Բերգերի կողմից։
«Նրա նշանակումը հաստատում է կառավարության աջ շրջադարձը՝ ի պատասխան երկրում բնակարանային ճգնաժամի: Գիյոմ Կասպարյանի անունը շրջանառվում էր արդեն երկու շաբաթ, բայց շատերը հրաժարվում էին հավատալ, որ այս օրենքի ջերմեռանդ պաշտպանը կդառնա Բնակարանաշինության նախարար»,- նշում է Le Monde-ը։
Գիյոմ Կասբարյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 28-ին՝ Մարսելում։ Նա իր երիտասարդությունն անցկացրել է Ֆրանսիայի հարավում և Քենիայում։
ESSEC բիզնես դպրոցի շրջանավարտ Կասբարյանը որպես խորհրդատու աշխատել է տարբեր խորհրդատվական ընկերություններում: Նա քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից՝ Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար։
2017 թվականին Կասբարյանն ընտրվել, իսկ 2022 թվականին վերընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ղեկավարել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։