2023թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 53 և 37 տարեկան անձինք ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ հանցագործները տանտերերից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատանն առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են շուրջ 20.000.000 դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:
Այնուհետև տուժողներին տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող շուրջ 15.480.000 դրամ արժողությամբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել են: Վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: